ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԱԼՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՂՎԱ ՕՐԸ

ՄԱԼՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՂՎԱ ՕՐԸ
24.01.2012 | 00:00

Կինոդերասանի հիմնանորոգված թատրոնն իր երկրպագուների առաջին հարյուրյակին հյուրընկալեց կիրակի երեկոյան: Բեմից հեռարձակված տեսաշարով մթնեցված հանդիսասրահ մտավ Հենրիկ Մալյանը: Հանկարծակիի եկած հանդիսատեսը մտովի տեղափոխվեց անցյալ դարի 80-ականները «շատ մեծ ու անհաշտ կռիվներից, թոփ ու թվանքի պայթյուններից հետո», «Հայֆիլմ»-ին կից հանրաճանաչ կինոռեժիսորի հիմնադրած թատրոն-ստուդիայի բեմադրական աշխատանքների պասիվ մասնակիցը դարձավ: Անսպասելիորեն խզվեց մեծատաղանդ արվեստագետի ստեղծագործության գերլարված ընթացքը: Վերահաս փլուզումների մունջ կադրերով խորացավ նրա վաղաժամ կորստի ցավը, բայց շուտով մասամբ մեղմվեց, երբ, ասես մի քանի կինոակնթարթում, պալատական շուքով ավերակներից հառնեց Հենրիկ Մալյանի արտասովոր թատերաընտանիքի խղճուկ հյուղակը: Վարագույրը վերաբացվում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների Մալյանի հանրահայտ բեմադրության ներկայացմամբ: Պարային զվարթ նախադրությամբ անմիջապես աշխուժանում է հանդիսասրահը: Անչար ու կենսախինդ հեգնանքով կենդանանում են «Անբան Հուռին», «Տերն ու ծառան» ու «Սուտլիկ որսկանը»: Որքան լրջանում է ներկայացման ասելիքը, այնքան թանձրանում է վառ թատերային կերպավորումների զավեշտախառն փոփոխություններով հարուցված կենսուրախ մթնոլորտը: Կամերային սրահի մտերմիկ միջավայրում արտասվելու աստիճանի ծիծաղելի է ընկալվում շաշ լոռեցիների մտապատկերում ծնված ու մեռած Կիկոսի մահը: Ժողովրդական բանահյուսության նրբահնար կոլորիտով իրապատում են դառնում մանկուց չմոռացվող հեքիաթները: Գլխավորը` առանց բեմադրական ավելորդ աճպարարությունների: Անվրեպ գտնված դերասանական խաղաոճով իրար են հաջորդում հանրածանոթ հերոսները` աննկատ կենտրոնացնելով հանդիսատեսի ուշադրությունը հայ ինքնության տարատեսակների ընդհանուր հատկանիշների վրա` յուրովի նախապատրաստելով անհամեմատ շեշտադրված «Մի կաթիլ մեղր»-ի ծաղրանկարային-մուլտիպլիկացիոն թատերապատումի ենթատեքստային խորքերը ներթափանցելուն: Չես հասցնում զարմանալ Մեծ լոռեցու հանճարեղ բացահայտումներով, երբ հայ ինքնության իր բացառիկ իմացությամբ բեմից փայլատակում է Մեծ բիթլիսցին` Վիլյամ Սարոյանը, ով հոգեբանական իր «պեղումներով» աշխարհասփյուռ վտարանդի հայության հավաքական նկարագիրն է ամբողջացնում սրընթաց կերպարանափոխվող դերասանախմբի ներշնչված ու միաձույլ խաղով: Կատակելով ու թախծելով, ծիծաղելով ու արտասվելով նրանք ներկայացնում են միևնույն ներկայացման համատեքստում Թումանյանի, Սարոյանի գրական տարաբախտ հերոսների անձնապատումները` միաժամանակ աննկատ ընդհանրացնելով մեր ազգային խառնվածքն ու բնավորությունը վաղնջական ժամանակներից ի վեր: Հայ ինքնության էության թատերապատկերը նորօրյա նրբերանգներով է լրացվում Աղասի Այվազյանի գրական տեսիլքով: Ամենադաժան ճշմարտությունները դերասանախումբը վերապրում է առանց չափազանցության գիրկն ընկնելու, մեր ազգային հոգեկերտվածքին բնորոշ մերժելի գծերն անչար ու հատու պախարակելով` տխուր մտորումների տեղիք է տալիս: Իսկապես, ինչու ենք հայերս առավել հպարտանում նրանով, որ միշտ զոհ ենք եղել, ապավինելով ցնորածին պատրանքներին` այդպես էլ չենք կարողացել արմատախիլ անել մեր անմիաբանությունը նույնիսկ օրհասական պահերին:
Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի հիմնանորոգված նորամուտը հաստատումն է 30 տարի առաջ ստեղծված թատերաոճի կենսունակության, ուրույն գրավչության: Խաղացանկային երեք բեմադրությունների անկարկատ զուգակցմամբ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի մտահղացած վերաբացման ներկայացումը հավաստում է որդեգրած թատերադավանանքին հնարմատ «մալյանականների» հավատարմությունը: Նոր տպավորությունների խանդավառությունը չէր էլ փորձում թաքցնել գրական բարձրարժեք հենքի վարպետ թատերայնացումից հարստացած մշտական հանդիսատեսը: Կուլիսներից ողջ երեկոյի ընթացքում իր ծնած թատերազավակի հասունացմանն անքթիթ հետևող Հենրիկ Մալյանն ինքը, կարծես, գոտեպնդված էր հեռանում: Մերօրյա մալյանականները, փառք Աստծո, լիովին վերագտել են հավատը վաղվա օրվա հանդեպ, բաց թողել կապանքված երևակայության սանձերը` նախապատրաստվելով երկար սպասված ստեղծագործական թռիչքին:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ